Սպիտակ խաչ վանքը

Տեղադրություն  Սպիտակ խաչ վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից անմիջականորեն հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։     Պատմական ակնարկ Վանքի Սպիտակ խաչ անվանումը  կապվում է մի ավանդության հետ, ըստ որի՝ Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և լանջական բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո այդ սրբությունները տեղափոխվում են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստանում է Սպիտակ խաչ անվանումը: 19-րդ դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս Ջալալյանցն իր ճամփորդական նոթերում գրում է, որ այդ խաչին  «․․․ բազմաթիվ ուխտավորներ են [այցի] գալիս` խոյերի ու հորթերի մատաղներ [անելով]։ ․․․ Ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Այստեղ տեսա չորս կաթողիկոսների կոնդակներ` այս աթոռի հաստատման [վերաբերյալ], այն է` Հովհաննի, Եսայու, Ներսեսի և Սիմեոնի, [որոնք տրվել են] Սրապիոն քահանայի սերունդներին, ովքեր որդուց որդի եղել են և այժմ էլ այս եկեղեցու և խաչի վերակացուներն են։ Ծերունիները պատմում են, թե անզգուշության պատճառով պատահեց այնպես, որ այրվեցին այն թաշկինակները, որոնցով փաթաթված պահվում էր խաչը, որոնց հետ նաև խաչը, բայց խաչը ոչնչով չվնասվեց` միայն ներսում մի փոքր ճաք առաջացավ, որից հետո խաչը արծաթապատվեց և պահվում է զգուշությամբ» (Ջալալեանց 1858, 263): Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պահպանված արձանագրություններից ամենահինը` փորագրված եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ, թվագրված է 1333 թվականով. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. :ՉՁԲ: (1333)» (Բարխուտարեանց 1895, 68): Հետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։  

Խաչմաչի սբ․Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Խաչմաչի Սբ․ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ համանուն գյուղի կենտրոնում (նկ. 1): Պատմական ակնարկ Սբ․ Ստեփանոս եկեղեցին, համաձայն դռան (նկ. 2) բարավորի արձանագրության, կառուցվել է 1651 թվականին. «Թվ[ի]ն :ՌՃ:» (նկ. 3, 4): Որպես եկեղեցու կառուցող հիշատակվում է ուստա Հովսեփը: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գրում է «…եկեղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ առանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ: Դռան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէի-քուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»: Իսկ դռան ճակատակալ քարի վրա «թվին ՌՃ» (Բարխուտարեանց 1895, 200, հմմտ. ԴՀՎ 1982, 159): Ցավոք, շինարարական արձանագրությունն այսօր տեղում չի պահպանվել:

Հադրութի Վանք գյուղի Սբ. Խաչ վանքն Ադրբեջանի կողմից աղվանա-ուդիական հռչակելու մի նոր փորձի մասին

2021 թվականի նոյեմբերի 4-ին CBC TV Azerbaijan Ադրբեջանի առաջին ալիքը իր յութուբյան ալիքում տեղադրեց  «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքի անդամներն այցելել են Հադրութ» վերնագրով տեսանյութը։ Այն մասնավորապես անդրադառնում է  Ադրբեջանի աղվանա-ուդիական  քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչների՝ դեպի  «հայերի կողմից օկուպացիայից ազատագրված բնակավայրերի քրիստոնեական տաճարներ» պարբեբար կատարվող  այցելություններին։ Իրենց իսկ մեկնաբանության համաձայն, նրանք  հարգանքի տուրք են մատուցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղված  44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորականների հիշատակին։ Այս անգամ նրանք այցելել էին Հադրութի Սպիտակ Խաչ վանք https://www.youtube.com/watch?v=OqS26fM0z64։ Այստեղ ուշագրավ է այն համգամանքը, որ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են  աղվանա-ուդիական և կարծես այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման ազդակը լինի: Հիշեցնենք, որ ավելի վաղ,  նրանք այցելել էին ինչպես նաև ուդիական էին հռչակել  Դադիվանքի վանական համալիրն  ու Ծիծեռնավանքի հայկական եկեղեցին։ Աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Մոբիլին նշում  է (2:32 վայրկյան), որ սա նրանց պատմական  այցելությունն է դեպի վանք: Կրկին մեջբերենք վանքի հյուրատան բարավորի արձանագրությունը, որին, իհարկե, զեղծարարները ծանոթ չեն. «Ես Միկրտիչս գ/րեցի. յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1184) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ» («Ես` Միկրտիչս գրեցի: Հիշատակ է հուրատունս Սուրապի որդի Օվանես եպսիկոպոսին: Կառուցվեց 1184 թվականին (1735 թ.): Այն տարին էր, որ Թահմազ խանը օսմանցիներին մեր երկրից դուրս արեց)։ Ակնհայտ է, որ Ադրբեջանական պրոպագանդայի սպասավորին չեն հետաքրքրում աուտենտիկ աղբյուրները: Նա հայտարարում է, որ եկեղեցին իրենց, աղվանների ժառանգությունն է: Ավելին, նա առանց որևէ հիմքի հայտարարում է, որ «հայկական օկուպացիայի» ընթացքում հայերը աղվանական եկեղեցիների վրա բազմաթիվ տարրեր են ավելացրել, պատերին ագուցել են խաչքարեր, ավելացրել արձանագրություններ ու հայկական այլ խորհրդանիշներ և փաստորեն, ոչնչացրել են աղվանական հետքը։ Մեր արձագանքը Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու կրոնա-ծիսական պատկանելությունը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։  Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները աղվանա-ուդիական հռչակելը, հայ առաքելական քրիստոնեական կառույցում անօրինական ծիսակատարություններ իրականացնելը միանշանակ խախտում է հայ քրիստոնյա համայնքի կրոնական և մշակութային իրավունքը, վիրավորում նրա դավանական զգացմունքը։ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի այդ, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում յուրացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

Խաչենի իսլամական դամբարանը

Տեղադրությունը Խաչենի իսլամական դամբարանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Արմենակավան գյուղի վարչական սահմաններում՝ գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա: Խորհրդային տարիներին այդ տարածքները մտնում էին Աղդամի շրջանի Խաչեն-Դորբաթլու կամ Ջինլի գյուղի վարչական սահմանների մեջ (Կարապետյան 1999, 227, Քորթոշյան 2020, 36): Ներկայումս այդ տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Դամբարանի կառուցման, դրա հեղինակի և պատվիրատուի մասին հիմնական տեղեկությունը ստանում ենք հյուսիսային կողմում գտնվող մուտքից անմիջապես վեր փորագրված արաբերեն արձանագրությունից, որը թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի պատվիրատուի և ճարտարապետի անվան հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից (Бретаницкий 1961, 238): Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա (Քորթոշյան 2020, 38, Бретаницкий 1966, 195, Неймат 2011, 67): Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Դամբարանը երկհարկ է՝ բաղկացած ստորգետնյա թաղման խցից և վերգետնյա աղոթասրահից։ Ներքուստ թե’ թաղման խուցը և թե’ նրանից վեր գտնվող սրահն ունեն խաչաձև հատակագիծ և ծավալ (նկ. 1)։  Աղոթասրահը դրված է եռաստիճան գետնախարսխի վրա, արտաքուստ բազմանիստ է (ունի 12 նիստ), ավարտվում է սրածայր վեղարով՝ ծավալային լուծումով խիստ մոտ ժամանակի քրիստոնեական կառույցների գմբեթներին։ Կառուցված է սրբատաշ դեղնավուն կրաքարով (նկ. 2)։

Հադրութի Սուրբ Խաչ վանքն՝ Ադրբեջանի կողմից աղվանա-ուդիական հռչակելու մասին

Սույն թվականի նոյեմբերի 4-ին CBC TV Azerbaijan ալիքն իր յութուբյան բաժնում տեղադրեց  «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքի անդամներն այցելել են Հադրութ» վերնագրով տեսանյութը։ Տեսանյութում մասնավորապես անդրադարձ է կատարվում Ադրբեջանի աղվանա-ուդիական  քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչների՝ դեպի  «հայերի կողմից օկուպացիայից ազատագրված բնակավայրերի քրիստոնեական տաճարներ պարբերաբար   այցելություններին», որտեղ նրանք իբրև հարգանքի տուրք են մատուցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղված  44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորականների համար։ Այս անգամ նրանք այցելել էին Հադրութի Սպիտակ Խաչ վանք https://www.youtube.com/watch?v=OqS26fM0z64։ Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այցելություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են  աղվանա-ուդիական և կարծես այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման ազդակը լինի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանք այցելել և ուդիական-աղվանական են հռչակել Դադիվանքն ու Ծիծեռնավանքը։  Մինչ ուդիական համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Մոբիլին հայտարարում է, որ սա իրենց պատմական  այցելությունն է դեպի իրենց եկեղեցի, տեսախցիկը հստակ ֆիքսում է հայերեն արձանագրությունները: Նկատենք, որ Սպիտակ խաչ վանքն իր անունը ստացել է 1346 թվականին այստեղ կանգնեցված որմնափակ խաչքարից (նկ. 1, 2), որի բարավորի հայերեն արձանագրությունը հայտնում է «Ես Աջամի` որդի Իշխանայ, կանկ/նեցի զխաչս ի փրկութի[ւն] հոգ/ոյ որդոյ իմոյ Ասուդարայ: Որ/ք կարդէք` յիշեցէք ի սուրբ յ[ա]ղ/աւթս ձեր` աղաչեմ: Ի թվիս :ՉՂԵ:» (տե՛ս նաև https://monumentwatch.org/hy/monument/%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af-%d5%ad%d5%a1%d5%b9-%d5%be%d5%a1%d5%b6%d6%84/;  https://monumentwatch.org/facts_and_details/the-white-cross-of-hadrut/): Խաչքարն ավելի պարզ կրկնությունն է դեռևս 13-րդ դարի վերջերին Գտչավանքում մշակված «Խաչի երկրորդ գալուստը» հորինվածքի, ուր հրեշտակները բերում են հաղթական խաչն՝ ի փրկություն հավատացյալների: Մեջբերենք և վանքի հյուրատան բարավորի արձանագրությունը. «Ես Միկրտիչս գ/րեցի. Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735 թ.) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ» (նկ. 3, 4): Ադրբեջանի հայահալած քաղաքականության սպասյակի հայտարարություններով, ստացվում է, որ հայախոս ու հայագիր, օսմանցիների ագրեսիաներին դիմակայող հայ հանրույթն այդպես էլ չի գիտակցել, որ իրենք ուդիներ են ու օսմանցի-մերօրյա ադրբեջանցի նվաճողների բարեկամներ: Որ Արցախի հայ հանրույթն իր քաղաքական ու դավանական կենսընթացը մի կողմ դրած՝ հա զբաղվել է չեղած աղվանական եկեղեցիները հայացնելով. պատերին ագուցել է խաչքարեր, հավելել հայերեն արձանագրություններ և ոչնչացրել աղվանական հետքը։ Աչքի է զարնվում և ինքնահնար, զավեշտի հասնող իբր կրոնական ծեսը, որը հանգում է եկեղեցու խորանում առանց տակդիրի  մոմեր վառելուն և սրբազան տարածքն աղտոտելուն։ Մեր արձագանքը Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու կրոնա-ծիսական պատկանելությունը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։  Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիներն աղվանա-ուդիական հռչակելը, հայ առաքելական քրիստոնեական կառույցում անօրինական ծիսակատարություններ իրականացնելը միանշանակ խախտում է հայ քրիստոնյա համայնքի կրոնական և մշակութային իրավունքը, վիրավորում նրա դավանական զգացմունքը։ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:    

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. խորհրդային տարիներին Արցախում խոչընդոտում էին ադրբեջանցի հետազոտողներին աշխատել

2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին (https://azertag.az/xeber/ermenilerin_ozununkulesdirmek_istediyi_ag_xach_kilsesi__foto-2811832?fbclid=IwAR01hItW2EgxZAINk0gMrdoXTthukjdNb2nRC8CIIrMNntHPxB23roQqjPI: Վանքի մասին ավելի մանրամասն տես. Սպիտակ խաչ վանքը – Monument Watch): Հոդվածում, հղում անելով ադրբեջանցի պատմաբան Մուհաբբատ Փաշաևային, նշվում է, որ «հայկական օկուպացիայի տարիներին» հայկական կողմը իբրև թե սեփականացրել է «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգությունը» և փորձել է այն ներկայացնել հայկական և որպես օրինակ բերվում է Սպիտակ խաչ վանքը: Ադրբեջանական լրատվական կայքը կրկին տարածում է ադրբեջանական պետական քարոզչության հիմնական թեզերից մեկը, համաձայն որի Արցախում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը հայերի հետ ոչ մի առնչություն չունի, այն աղվանա-ուդիական է, սեփականացվել, յուրացվել և հայացվել է: Ադրբեջանական քարոզչամեքենայի անընդհատ կրկնվող այս թեզերը վաղուց արդեն ծանոթ են, սակայն այս հոդվածում ադրբեջանական կողմը առաջ է քաշում քարոզչական նոր թեզ՝ իբր խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտություններ իրականացնել Ղարաբաղի տարածքում, քանի որ եղել են «լուրջ խոչընդոտներ»: Ըստ Փաշաևայի՝ ներկայումս հնարավորություններ են ստեղծվել «աղվանական քրիստոնեական ժառանգության օբյեկտիվ հետազոտության համար»: Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ: Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր (Сафарян 2016, 29-47): «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական: Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը (Պետրոսյան, Երանյան 2022, 30-31, 38-39): Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային: Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից: Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները: Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել: Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները: «Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը (Կիրակոսյան 2013, 121-125, տես նաև ՝ Վանքասարի եկեղեցին – Monument Watch): Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը Օգտագործված գրականություն Կիրակոսյան 2013 – Կիրակոսյան Լ., Վանքասարի եկեղեցու ճարտարապետությունը և ադրբեջանական «վերականգնումը», Երևան, ՊԲՀ, 2013, 1։ Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան, 2022։ Сафарян 2016 – Сафарян В., Фальсификация древней и средневековой истории и культуры Арцаха в азербайджанской историаграфии, Ереван, 2016։ Ermənilərin özününküləşdirmək istədiyi Ağ xaç kilsəsi, https://azertag.az/xeber/ermenilerin_ozununkulesdirmek_istediyi_ag_xach_kilsesi__foto-2811832?fbclid=IwAR01hItW2EgxZAINk0gMrdoXTthukjdNb2nRC8CIIrMNntHPxB23roQqjPI։        

Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը

2023 թվականի ապրիլի 22-ին Ադրբեջանի «աղվանա-ուդիական» ինքն իրեն կոչող  համայնքի և Ադրբեջանի Աստվածաշնչային ընկերության նախագահ՝ Ռոբերտ Մոբիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են Քաշաթաղի Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնց ուղեկցող տեքստում ի մասնավորի նշվում է․ «Աղօղլան հին աղվանական եկեղեցի այցելության և աղվանական ծիսակատարություններ» իրականացնելու մասին (https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02BmPMDamSEgUfjRcxW3k562pocJQsNjAQY2s8nSeGLh3URjB9q3rP5rfD72CDxsRml&id=100003208417334&eav=AfaSzThTny3zO6PPc7700WGXFQdXSmO2y747S6yzsyMB1u6FujvSsFw8KJGfTmbSF1Q&m_entstream_source=timeline&paipv=0)։ Այցելության նպատակը այդ օրերին՝ ապրիլի 22-23-ը Ադրբեջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտի Աիդ ալ-Ֆիթ տոնը կարևորելն էր, ինչն էլ ապացուցում է այցի՝ պետականորեն ուղղորդված լինելու փաստը և հայկականը յուրացնելու/ ադրբեջանականացնելու հստակ ծրագիրը։ Ռոբերտ Մոբիլլիի տեղադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ «աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ինքնահնար ծիսակատարություններով պղծվել է Ծիծեռնավանքը, վնասվել Սուրբ Սեղանը, քանդվել է նրա հատակում խնամքով թողնված շուրֆը։ Ըստ Ալեքսան Հակոբյանի՝ շուրֆը  Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկն էր՝ ուր կավաշաղախ հատակի մեջ ագուցված էր գինու կարասը (Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազոտություններ. Արցախ եւ Ուտիք, Մխիթարեան հրատարակչութիւն, Վիեննա-Երևան 2009, 129-212)։ Մեր արձագանքը «Աղվանա-ուդիական» կոչվող համայնքի ներկայացուցիչների այցելություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են  աղվանա-ուդիական և այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման գործընթացի մասն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ,  նրանք այցելել և ուդիական էին հռչակել  Դադիվանքի վանական համալիրը, Հադրութի Սպիտակ Խաչ վանքը, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, Հադրութի շրջանի Ծակուռու սուրբ Աստվածածին և Տողի սուրբ Հովհաննես եկեղեցիները, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին և մի շարք այլ եկեղեցիներ։ Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4): Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։ Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի կոնվենցիայի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները՝ անկախ դրանց ծագումից ու գործառույթից։ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն հայտարարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, ինչն արգելվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթով (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթով (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf):  «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ նույնպես արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայություններըս։

Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում

2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից և Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների շուրջ սկսեց բազմաբնույթ հակահայկական քարոզչություն իրականացնել: Նման նպատակաուղղված քարոզչությունն առաջին հերթին թիրախավորում է Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բազմաթիվ հայկական քրիստոնեական հոգևոր հուշարձանները: Ադրբեջանական քարոզչամեքենան, հետևելով դեռևս խորհրդային տարիներին ձևավորված և Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացմանը միտված քաղաքականությանը, դրանք ներկայացնում է որպես աղվանական մշակութային հուշարձաններ և կապում Կովկասյան Աղվանքի հետ: 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսեց ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են: Մինչև 1990-ական թվականները ժամանակակից Արդբեջանի տարածքում բնակվող ուդիների մեծագույնը մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Նրանք գլխավորապես բնակվում են ժամանակակից Արդբեջանի հյուսիսում: Ուդիներից շատերը Ադրբեջանից հեռացան 1988-1990 թվականներին հայ բնակչության հետ միասին, քանի ադրբեջանցիների կողմից դիտարկվում էին որպես հայեր կամ հայերին մոտ կանգնած: Ուդիական համայնքի խնդիրը բարդացավ նրանով, որ Արցախյան հակամարտության հետևանքով Ադրբեջանում բնականաբար անհնար դարձավ Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը և հոգևոր կյանքի առումով ներկայումս ուդիները գտնվում են անհասկանալի իրավիճակում: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան լայնորեն խոսում է աղվանա-ուդիական եկեղեցու և նրա հոգևոր ծեսերի մասին, սակայն այդպես էլ չի ասում, թե դավանական որ ուղղությանն են պատկանում ուդիները: Նաև շեշտենք, որ առնվազն 8-րդ դարից սկսած Աղվանից եկեղեցին իր դավանական և ծիսական (ներառյալ և ժամասացության լեզուն) համակարգով նույնական էր Հայ առաքելական եկեղեցու հետ: Խոսել առանձին ուդիական դավանանքի մասին տարրական անգրագիտություն  է և/կամ նպատակադրված քարոզչություն: Նաև նկատենք, որ 1836 թ. ցարական  կառավարության որոշմամբ Աղվանից եկեղեցին վերացվել է, և անդրկուրյան քրիստոնյա ուդիական համայնքները ներառվել են Հայ առաքելական եկեղեցու Շամախու թեմում: Ընդհուպ մինչև անցած դարի 80-ական թվականները քրիստոնյա ուդիները, որոնք իրենց կոչում էին «ազգությամբ հայ, ցեղով ուդի», չունեին որևէ դավանական, ծիսական կամ լեզվական առանձնացվածություն հայ առաքելական եկղեցուց: Ադրբեջանական քարոզչամեքենան պատերազմի ավարտից անմիջապես հետո դեպի Արցախի գրավյալ տարածքներում գտնվող մի շարք հայկական վանքեր և եկեղեցիներ (Դադիվանք, Սպիտակ խաչ վանք, Ծիծեռնավանք, Տողի սուրբ Հովհաննես եկեղեցի) սկսեց պարբերաբար կազմակերպել ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեր, որոնք լայնորեն լուսաբանվում էին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: Այցերի ժամանակ ուդիական համայնքի ներկայացուցիչները՝ գլխավորապես համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր էին կատարում», որոնցից հետո ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցներում խոսում էին այն «վնասների մասին», որ ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի ժամանակ»: Որպես այդպիսիք նշում էին, որ հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին «ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել են հայկական գրերը և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով»: Որպես հարցազրուցավար սովորաբար հանդես է գալիս ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, ով վերոնշյալ մտքերին նաև մշտապես ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, հասկանան հայերի կողմից տրված վնասների չափը և մշտապես նշում է, որ «ադրբեջանական հողերի ազատագրումից հետո իրենք հնարավորություն ստացան այցելելու և ծիսակարգ կատարելու դարերով իրենց պատկանող վանքերում և եկեղեցիներում»: Հավելենք, որ ադրբեջանական լրատվականների տարածած տեսանյութերում ուդիական հոգևոր ծեսի կամ աղոթքի ժամանակ մոմեր են տեղադրվում եկեղեցու խորանին, բեմին, անգամ բեմի աստիճաններին և մկրտարանի վրա, ինչն նվազագույնը տարակուսանք է առաջացնում: Սովորաբար ուդիական համայնքի յուրաքանչյուր այցի ժամանակ նրանց ուղեկցում են նաև ադրբեջանական հակահայկական քարոզչամեքենայի մեջ ներգրավված պատմաբաններ, արվեստաբաններ, քաղաքական և ռազմական գործիչներ, ովքեր հարցազրույցներում փորձում են ապացուցել այդ հուշարձանների ոչ հայկական լինելը: Դադիվանք այցելությունների ժամանակ բազմիցս փորձ է կատարվել հրահրել բախում տեղում գտնվող հայ հոգևորականների հետ, ինչը բարեբախտաբար ձախողվել է, սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվել է որպես հայ հոգևորականության ագրեսիա: Ցավալի է, որ ներկայիս ուդիական համայնքի ներկայացուցիչները դարձել են ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի պատանդն ու գործիքը:  ժառանգության վերանվանում, ինքնության հետքերի բնաջնջում։ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Թիրախավորելով արցախահայության քրիստոնեական ժառանգության խորհրդանիշները, խաթարելով քրիստոնեական ծիսակարգի իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։  Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։  Բացի այդ` 2005 թ․ հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում, որ մշակութային ժառանգության նշանակությունը որոշում է տվյալ համայնքը, և ցանկացած արժեք, որը տվյալ ժողովրդի հավաքական մտքի արտահայտությունն է, պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։

Նորշենի Սբ. Հովհաննես եկեղեցին

Տեղադրություն Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի կենտրոնում (նկ. 1)։ Պատմական ակնարկ Գյուղը նախկինում կոչվում էր Ենկիջան: Եկեղեցու կառուցման մասին վկայում է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբրիէլեան իւր սեպհական ծախքով» (Բարխուտարեանց 1895, 112): Վ. Բալայանը նշում է, որ եկեղեցին կառուցվել է 1876 թվականին Շուշիից հրավիրված վարպետ Գալուստ Սահակյանի կողմից (Բալայան 2020, 479): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին միանավ կառույց է, միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 2, 3): Ներքուստ այն միանավ, թաղակապ կառույց է ավանդատներով (նկ. 4):

Զարդանաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի կենտրոնում (նկ. 1): Պատմական ակնարկ Զարդանաշեն գյուղը հայտնի էր նաև Վերին Թաղավարդ անունով (Բալայան 2020, 424): Այս գյուղի եկեղեցու նկարագրությունը տալիս է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին նորաշէն ժողովրդեան ծախքով, քարուկիր եւ տակավին առանց օծուելու, երկարութիւնն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ, քահանայ մի…» (Բարխուտարեանց 1895, 91): Եկեղեցու կառուցման թվականը Մակար Բարխուդարյանցը չի հիշատակում: Զարդանաշեն գյուղի տարեցները բանավոր խոսքում նշում էին, որ գյուղի եկեղեցին կառուցել են Ներքին Թաղավարդի Սբ․ Աստվածածին եկեղեցու շինարարները (Բալայան 2020, 424): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցված է տեղական սպիտակ կրաքարով՝ փոքր ու միջին չափերի քարերով, կրաշաղախով: Սրբատաշ քարից են միայն անկյունաքարերը, գլխավոր մուտքը և պատուհանները: Եկեղեցու գլխավոր մուտքը հարավից է, այն կամարակապ է՝ ձևավորված կրկնակի կամարով (նկ. 2): Արևմտյան կողմում եկեղեցին ունի մի փոքր մուտք: Բարավորին փորագրված է երեք խաչ և կենտրոնում առանձնացված է շինարարական արձանագրությունը փորագրելու տեղը, սակայն, արձանագրություն չկա: Եկեղեցին ունի երեքական պատուհան հարավային և հյուսիսային ճակատներում (նկ. 3): Ներքուստ այն միանավ, թաղակապ շինություն է ավանդատներով (նկ. 4):

Բովուրխանի վանքը

Տեղադրությունը Բովուրխանի կամ Բաղիրխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին՝ շրջապատված փարթամ անտառներով: 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Բովուրխան վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Համազասպ Ոսկյանի աշխատություններում (Բարխուտարեանց 1895,110, Լալայան 1897, 50-51, Ոսկեան 1951, 357-358): Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, արձանագրությունների վերաբերյալ: Հնավայրի տարածքից Մ. Բարխուդարյանցն արտագրել է երկու արձանագրության պատառիկներ, որոնք հայտնում են  խաչքար կանգնեցնելու մասին (Բարխուտարեանց 1895, 110)։ Այսօր էլ վանքի տարածքում կան 17-18-րդ դարերի խաչքարերի ամբողջական օրինակներ և բեկորներ (նկ. 1): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Հուշարձանախումբը բաղկացած է միանավ թաղածածկ եկեղեցուց, վանահոր սենյակից, միաբանների խցերից, տնտեսական սենյակներից ու պարսպապատից (նկ․ 2)։ Համալիրի բոլոր շենքերը կառուցված են անտաշ ու կոպտատաշ տեղական դեղնասպիտակավուն կրաքարով։ Սրբատաշ են միայն վանահոր թաղածածկ սենյակի լուսամուտի մի դռան անկյունաքարերը։ Վանահոր սենյակը կից է պարսպապատին արևմուտքից (նկ. 3)։ Պարսպապատին հարավից կից են նաև միաբանների չորս խցերը, կլոր աշտարակը ու մի սենյակ: Միաբանների խցերն իրար հետ չեն հաղորդակցվում, յուրաքանչյուրի մուտքն առանձին է, ինչը բնորոշ է «անապատ» հուշարձաններին: Խցերն ունեն խիստ միանման ձևեր ու չափեր, երկուսն ունեն նաև մեկական ոչ մեծ, դեպի ներս լայնացող լուսամուտներ՝ բացված գլխավոր պարսպապատից (նկ. 2, Կարապետյան 1985, 225)։ Աշտարակին կից սենյակն արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված, ուղղանկյուն հատակագծով թաղածածկ շինություն է (նկ․ 4), որի արևմտյան պատի կենտրոնում, երկու խորշերի միջև կա բուխարի (նկ․ 5)։

Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Աշան գյուղում՝ Հին Աշան գյուղատեղիում (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Աշան գյուղը գտնվում է Մարտունի քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։  Ըստ Մ․ Բարխուդարյանցի․ «․․․բնակչաց կէս մասն բնիկ են, իսկ մնացեալ մասն տեխափոխուած են Ջրաբերդից» (Բարխուտարեանց 1895, 121)։ Սբ․ Աստվածածին եկեղեցին, դատելով հարավից բացված շքամուտքի ծավալային լուծումից և հարուստ քանդակներից (նկ. 2), որոնք համեմատելի են Հերհերի, Ծակուռիի Ծաղկավանքի, Երից Մանկանց տաճարների շքամուտքերի հետ, այն ակնհայտորեն 17-րդ դարի կառույց է: Շքամուտքի բարավորը հարդարված է չորս ռելյեֆ խաչերի համադրությամբ կազմված հորինվածքով: Բարավորից վերև ագուցված են խաչերով և վեցակող շրջանակների մեջ ներառված վեցաթև աստեղերով հարդարված սալեր: Հետագայում բարավորի ձախ անկյունում փորագրվել է եկեղեցին սալելու մասին արձանագրությունը (նկ. 3). «Յ[իշատա]կ [է] զ[այ]ս եկ[ե]ղ[եցոյ]ն քարէ յադակն Նանսի տէր Աւաքից, 1896» (արձանագրությունը հրատարակվում է առաջին անգամ): Եկեղեցին սալելու արձանագրությունը շփոթության մեջ է գցել որոշ հետազոտողների, որոնք այն համարել են 19-րդ դարի կառույց:

Սռնեղցի եկեղեցին

Տեղադրությունը Տեղ խոշորացված համայնքի կենտրոն նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնից 5․9 կմ դեպի արևելք՝ Կոռնիձորից հյուսիս, գտնվում է Սռնեղցի (Սեռին եղցի) վաղմիջնադարյան եկեղեցին (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։ Ըստ Մ․ Հասրաթյանի Սռնեղցին և նրանից ոչ հեռու գտնվող Հին շինատեղ բնակատեղին, հավանաբար, պետք է լինեն Ստ․ Օրբելյանի նշած Հաբանդ գավառի Կատավանքը և Պատանդավանքը (Հասրաթյան 1985, 244)։ Սռնեղցի անունը ստուգաբանվում է որպես բլրի գագաթին գտնվող եկեղեցի, սարալանջին գտնվող եկեղեցի․ սեռ՝ բլրի գագաթ, եղցի՝ եկեղեցի (Տեր-Մինասյան 1986, 60; Խուրշուդեան 2022, 399)։ Կառույցի վրա, ինչպես նաև կից տապանաքարերին արձանագրություններ չկան։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Սռնեղցի վաղմիջնադարյան եկեղեցին (5-6-րդ դդ․) միանավ թաղածածկ սրահ է, 7.77×5.41 մետր արտաքին չափերով (նկ. 2, Հասրաթյան 1985, 244)։ Կառույցը կանգնեցված է երկաստիճան գետնախարսխի վրա։ Արևելյան կողմում ունի շեշտված պայտաձև հատակագծով խորան, ներառված արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ։ Պայտաձև է նաև խորանի կամարը (նկ․ 3)։ Եկեղեցին կառուցված է տեղական սպիտակ բազալտատիպ սրբատաշ խոշոր քարերից (միջինում 1×2 մետր), պատերի հաստությունը 1 մետր է։ Կառույցի ներքին տարածությունը 3,36×3,55 մետր է (Տեր-Մինասյան 1986, 60)։ Եկեղեցու մուտքն արևմտյան կողմից է (բացվածքի լայնությունը 1,15 մետր է), ունի երկու պատուհան արևմտյան և արևելյան կողմերում։ Բեմն աղոթասրահից բարձր է 0․5 մետրով, բեմառէջքն ակնհայտորեն բարձրացվել է հետագայում: Խորանն ունի գմբեթարդի տակով ընթացող գոտի, որը շարունակվում է հյուսիսային և հարավային պատերի ողջ երկայնքով։ Ներսի կողմից մուտքի բարավորի վերին հատվածում առկա է 0․7 մետր խորություն ունեցող պայտաձև բեռնաթափման խորշ (Տեր-Մինասյան 1986, 60, նկ․ 4)։

Խանցք գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Սբ. Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանցք գյուղի կենտրոնում (նկ. 1): Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Համաձայն արևմտյան մուտքի բարավորի վրա փորագրված շինարարական արձանագրության (նկ. 2)՝ եկեղեցին 1673 թվականին կառուցել են Աղվանից Պետրոս կաթողիկոսը և իր ընտանիքի անդամները, ովքեր Խանցք գյուղից էին. «Ի :ՌՃԻԲ: թվին ես Պետրոս կաթողիկոս Աղուանից ի գեղջէս Խանցքայ, հայրն իմ Մանկասար, մայրն Ադխանն և աւաք եղբայրն իմ Իշխանն եւ իւր որդիքն Ովանէսն, Պապաջանն և իւր թոռ Մանկասարն և տատ Խաթունն շինեցաք զեկեղեցիս յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց» (ԴՀՎ 1982, 143, Բարխուտարեանց 1895, 159): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարից, կոպտատաշ մեծ ու փոքր քարերով, կրաշաղախով: Սրբատաշ են միայն մուտքն ու եզրաքարերը, լուսամուտները (նկ. 3-5)։ Այն ուղղանկյուն միանավ կառույց է, ներքուստ՝ թաղածածկ (նկ. 6): Թաղը հենվում է կառույցի պատերի, խորանի կամարակապի և թաղակիր կամարների վրա: Աբսիդը կիսարջան է, գմբեթարդով, կից ունի հյուսիսային և հարավային մեկական ավանդատուն: Բեմի բարձունքը չի պահպանվել. այն այժմ աղոթասրահի հատակի հետ ունի նույն մակարդակը: Միակ մուտքն արևմտյան կողմից է: 19-րդ դարում եկեղեցու լուսամուտները լայնացվել են:

Շոշի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան եզրամասում, որի շուրջը տարածվում է հին ու նոր գերեզմանոցը: 44-օրյա պատերազմից հետո Շոշը հայտնվել է օկուպացիոն սահմանի վրա։ Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն միանավ սրահ է։ Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և լուսամուտների եզրաքարերը, ինչպես նաև պատերի անկյունաքարերը։ Շինության միակ մուտքը  հարավային կողմից է (նկ. 1, 2, 3, 4)։ Այն ներքուստ թաղակապ է, ունի ցածրիկ բեմ և երկու ավանդատուն (նկ. 9):  Պատերին կան ագուցված 17-18-րդ դարերի փոքրիկ խաչքարեր և տապանաքար (նկ. 5, 6, 7, 8): Եկեղեցու շքամուտքի վերնամասի արձանագրությունը հայտնում է․ (նկ. 10). ‹‹Յիշատակ կառուցեց ս[ու]րբ/ եկեղեցիս շուշվեցի Բաղ/դասար ս[ա]ր[կաւա]գն Աբարեանց/ ու իր ընկեր Առուսդամ Գափ/իեան Խառադեա[ն]ց. 1918 թ./, որ (է) ցորնի փո[ւ]թ էր 20 ր[ուբլի]››: Ավագ խորանի աջակողմյան արձանագրությունը հայտնում է (նկ. 11).  ‹‹Յիշատակ կառու/ցեց եկեղեցիս շուշ/վեցի Բաղտասարը, հոգւ[ո]ցն փրկութեան/՝ իր և իր կին Մարգա/րիտի Աբարեանց, 1915 թ.»:

Փիրումաշենի եկեղեցին

Գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում, գյուղից մոտ 0,5 կմ հարավ-արևմուտք, Ստեփանակերտ – Հադրութ մայրուղու աջ եզրին, ներկա սահմանին կից: Այն միանավ թաղածածկ սրահ է, արևելյան կիսաշրջան աբսիդով և կից ավանդատներով: Իրականացված է միջին չափերի կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Աչքի է ընկնում քանդակազարդ շքամուտքը, իրականացված սպիտակ կրաքարի և սև ավազաքարի սրբատաշ խոշոր բլոկների համադրությամբ: Շքամուտքի ծավալային ու քանդակային լուծումները ցուցում են 17-րդ դարը: Բացառված չէ, որ այն վերակառուցվել է տեղում եղած ավելի վաղ` 12-13-րդ դարի հիմքի վրա, նկատի ունենալով պատերի մեջ ագուցված 12-13-րդ դարերի տապանաքարերն ու խաչքարերը: Կառույցը 2012-2014 թթ. ամբողջությամբ վերականգնվել է:   Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չի վնասվել: Պահանջվում է հատուկ հսկողություն, քանի որ կից մայրուղին օգտագործվում է նաև Շուշի գնացող ադրբեջանական շարասյուների կողմից:  

Խնածախ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Խնածախի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1)։ 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայից և հայերի բռնի տեղահանումից հետո այն գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Պատմական ակնարկ Ըստ Մ. Բարխուդարյանցի՝ Խնածախ գյուղի բնակիչները 1686 թվականին եկել են Մեծ-Սիւնեաց (այժմ՝ Սյունիքի մարզ) Խնածախ գյուղից (Բարխուտարեանց 1895, 152-154): Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, ավելի ստույգ՝ 1894 թվականին, տեղի բնակիչների ծախսերով (Բարխուտարեանց, 1895, 226)։ Ծնունդով այս գյուղից է եղել նաև ինքը՝ Մակար Բարխուդարյանցը։ Ինչպես հիշատակում է Մ. Բարխուդարյանցը, 19-րդ դարում այստեղ էին պահվում երկու գրչագրեր՝ մեկ գրչագիր ճաշոց և մեկ գրչագիր ավետարան՝ գրված թղթի վրա։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին եռանավ ուղղանկյուն սրահ է: Թաղը հենվում է հատույթում խաչաձև սյուների և որմնասյուների  վրա բարձրացող կիսաշրջան և սլաքաձև կամարների վրա (նկ. 2)։ Կառուցված է տեղական կրաքարով: Հուշարձանի չափերն են՝ 18 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Մուտքերի և պատուհանների շրջանակները, ինչպես նաև սյուները՝ սրբատաշ են։ Երկթեք տանիքն անկախության տարիներին վերանորոգվել է և պատվել կղմինդրով: Գլխավոր սրբատաշ ու քանդակազարդ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 3)։ Ունի մուտք նաև արևմուտքից, նույնպես սրբատաշ, բայց առանց հատուկ հարդարանքների: Առանձնանում է շքամուտքի (հարավային մուտքի) վերնամասի գունային լուծումը՝ կարմրա-դարչնագույն ետնախորքի վրա սպիտակ և դարչնագույն սեղանաձև սալիկներով կազմված աստղատեսք վարդյակ, նրանից վերև տեղադրված խաչային հորինվածք և շրջանաձև վարդյակ  (նկ. 4): Ամենայն հավանականության այս ողջ հարդարանքը վերցված է ավելի հին, հավանաբար 13-րդ դարի ինչ-որ կառույցից: Հորինվածքի եզրերին ագուցված սրբատաշ սալերն ամենայն հավանականության նախատեսված են եղել արձանագրությունների համար, բայց այդպես էլ մնացել են առանց գրությունների:

«Ըղեն Նահատակ» վանքը

Տեղադրությունը Վանքը գտնվում է Կարմիր գյուղից (Դռնավազ) 3 կմ հյուսիս-արևմուտք, բլրակի վրա (նկ. 1): 2023 թվականի սեպտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Վանքը հայտնի է նաև «Խաչին տակ» անվամբ։ Կառուցման վերաբերյալ ստույգ տվյալներ հայտնի չեն։ Այսօր պահպանվել է եկեղեցին, հյուրատունը, գերեզմանոցը: Ըստ տարածված ավանդազրույցներից մեկի, վանքն Ըղեն նահատակ անունը ստացել է տեղում թշնամինների կողմից հղի կնոջը սպանելուց հետո, այն է՝ հղեն կամ ըղեն նահատակ: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն էլ, Լենկ Թեմուրի դեմ մարտերում շատերի հետ նահատակվել է և նաև գյուղի աղան (տանուտերը), որի դին գյուղացիները ամփոփել են բլրակի վրա, նրա հիշատակին կառուցել եկեղեցի և այն անվանել Ըղեն նահատակ՝ աղան նահատակ: Եկեղեցուց արևմուտք՝  մուտքի դիմաց 1861 թվականին ուխտավորների համար կառուցվել է հյուրատուն (ՀԱՍԵ Արցախի թեմ, Աղին Նահատակ, նկ. 2): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին միանավ փոքր չափերի սրահ է (6.8 x 5.3 x 5.8 մետր)՝ կառուցված  կոպտատաշ կրաքարե խորանարդներով և սպիտակ թերթաքարե երկարավուն ու տափակ սալերով՝ կրաշաղախի հիմքի վրա: Պատերին ամրություն տալու նպատակով կանոնավոր խորանարդներով շարվածքը տեղ-տեղ ընդմիջարկվում է տափակ սալերի թեք շարքով: Մուտքը կառուցված է սև ավազաքարե սրբատաշ քարերով (նկ. 3): Թաղը հենվում է հարավային և հյուսիսային պատերի վրա արված հորիզոնական պահունակաշարի վրա (նկ. 4): Պահունակը, թաղը և գմբեթարդը իրականացված են համակ սրբատաշ սալերով (նկ. 5): Թաղի և գմբեթարդի նման դասական իրականացումը թույլ է տալիս եկեղեցու նախնական կառույցը վերագրել 12-13-րդ դարերին: Դատելով արևմտյան պատի մեջ ընդելուզված խաչքարերով, այն հետագայում վերանորոգումների է ենթարկվել:

Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը

Տեղադրությունը Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը գտնվում է Մարտակերտի շրջանում, Վաղուհաս գյուղից 3- 3,5 կիլոմետր հարավ-արևմուտք, Վաղուհաս գետի ձախ ափին, Լաբան կոչված վայրում (նկ 1, 2)։