Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Հադրութի շրջանի Ջրաբերդ (Մուլքուդարա) գյուղի կենտրոնում։ Պատմական ակնարկ Մուլքուդարա գյուղը (նկ․ 3) գտնվում է Հադրութ քաղաքից 11-12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Գյուղը հայաթափվել է 1991 թվականին «Օղակ» գործողության արդյունքում։ 1993 թվականին ազատագրվել է, վերանվանվել Ջրաբերդ։ Գյուղ են վերադարադարձել մի քանի ընտանիք միայն, որոնք հետագա տարիներին լքել են բնակավայրը։ 2020 թվականի հոկտեբերից Ջրաբերդը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Սբ․ Աստվածածին եկեղեցին հորինվածքով 19-րդ դարի կառույց է։ Ուղղանկյուն միանավ սրահ է: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող երկայնական և լայնակի կամարների վրա (նկ. 4)։ Տանիքը երկթեք է, հողածածկ: ։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով։ Միակ մուտքը բացվում է հարավից։ Հարավային պատում պահպանվել է 16-17-րդ դարերի տապանաքարի բեկոր՝ հարդարաված խաչային հորինվածքներով (նկ․ 5)։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես գյուղական ակումբ։
Տեղադրություն Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ցոր գյուղում (Մկրտչյան 1985, 132): Գյուղը գտնվում է պատմական Ցորաբերդ ամրոցի հարավային ստորոտում (Բարխուտարեանց 1895, 43): Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Նրա հակիրճ նկարագրությունը տալիս է Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին Ամենափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն և գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած, երկարութիւնն է 22 մ, լայնութիւնն 12 մ 35 սանթ., դռան ճակատակալ քարի վերայ արտաքուստ «Յիշատակ է Ն. թվ.», քահանայ մի…» (Բարխուտարեանց 1895, 43): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Ցորի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում (նկ. 1): Շենքը եռանավ բազիլիկ է, չորս մույթերով, կիսաշրջան ավագ խորանով և կից ավանդատներով (նկ. 2): Կառուցված է տեղական կոպտատաշ քարով, ունի փոքր լուսամուտներ: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 3): Բարավորին պահպանվել է մեկ տող անընթեռնելի արձանագրություն( հմմտ. ԴՀՎ 1982, 186): Հիմք ընդունելով եկեղեցու հորինվածքային, ճարտարապետական լուծումները՝ այն թվագրվում է 18-19-րդ դարերով (Մկրտչյան 1985, 132): Եկեղեցին ներսից թաղածածկ է (նկ. 4), նրա միակ զարդարանքը բեմատակի հարուստ քանդակազարդ գոտին է (նկ. 5), որտեղ վերից վար կարդացվում է Գիրիքոր անունը (ԴՀՎ 1982, 187): Վիճակը պատերազմից առաջ և հետո Խորհրդային տարիներին եկեղեցու տարածքը օգտագործվել է տնտեսական նպատակներով, լայնացվել են որոշ պատուհանները (նկ. 6): 2016-2020 թվականներին եկեղեցին վերանորոգվել է ծագումով ցորեցի բարերարների կողմից (https://www.youtube.com/watch?v=7TeU08kxzFU, https://www.youtube.com/watch?v=YmTojWJU9Ns): Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, այժմ այն գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում և հետագա ճակատագրի մասին տվյալներ չկան:
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Տյաք գյուղում։ Տյաքը, որ 2017 թվականից պետական արգելոցի կարգավիճակ ունի, այն բնակավայրերից է, որտեղ պահպանել է 18-19-րդ դարերի ժողովրդական ճարտարապետությունը։ Պատմական ակնարկ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում (Բարխուտարեանց 1895, 66)։ Շրջակայքում է գտնվում նաև գյուղի պատմական գերեզմանոցը։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Հուշարձանը միանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական կոպտատաշ բաց դարչնագույն և մոխրագույն քարերով, լուսամուտների շրջանակները, շքամուտքն ու անկյունաքարերը սրբատաշ կրաքարից են։ Հարավային պատում բացվող շքամուտքի բարավորը հարդարված է 18-19-րդ դարերի արցախյան եկեղեցիների համար բնորոշ ելնդավոր կամարաշարքով: Այս պատում տեղադրված են նաև երկու լուսամուտներ: Ծածկն ի սկզբանե եղել է կղմինդրապատ։ Խորհրդային տարիներին փոխարինվել է թերթաքարով։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ամբողջությամբ վերականգնվել է 2019-2020 թթ. ընթացքում (նկ. 1, 2)։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Տեղադրությունը Եկեղեցին (նկ․ 1) գտնվում է Հադրութի շրջանի Հողեր գյուղի հարավային ծայրին, հին գերեզմանատան տարածքում։ Պատմական ակնարկ Հողեր գյուղը տեղակայված է Իշխանագետի աջ ափին, Վնեսա բերդի հյուսիս-արևելահայաց լեռնալանջին, Ջրակուս և Քյուրաթաղ գյուղերի մոտ։ Կառուցվել է 19-րդ դարում: 1890-ական թվականներին Հողեր այցելած Մակար Բարխուդարյանը նշում է որ․ «․․․բնակիչք բնիկ են, եկեղեցին կիսատ, քահանան գալիս է Հատրութից» (Բարխուտարեան 1895, 73)։ Եկեղեցին Սբ․ Աստվածածին անվամբ հիշատակվում է 1880 թվականի արխիվային վավերագրերից մեկում (Կարապետյան 1999, 238)։ Գյուղը մինչև 1938 թվականը մտնում էր Հադրութի շրջանի կազմի մեջ, այնուհետև միացվել է Կորյագինի (1959 թվականից՝ Ֆիզուլի) շրջանին, որից հետո սկսել է գյուղի աստիճանական հայաթափումը։ Ազատագրվել է 1992 թվականի մարտի 31-ին։ Ադրբեջանական օկուպացիայի տակ կրկին հայտնվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Ճարտապետական – հորինվածքային քննություն Միանավ բազիլիկ է, ուղղանկյուն դահլիճով, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմին գտնվում են ուղղանկյուն հատակագծով ավանդատները (նկ․ 2)։ Կառուցված է տեղական անմշակ քարից ։ Շքամուտքը, պատուհանների, խորանի և ավանդատների շրջանակները, պատերի անկյունային եզրամասերն ու ներքին կամարները սրբատաշ են (նկ․ 3)։ Ունի 15,7 մետր երկարություն, 8,2 մետր լայնություն, 5,5 մետր բարձրություն։ Միակ մուտքը բացվում է հյուսիսից: Շքամուտքի բարավորը զարդանախշ է, իրականացված Շուշիում և շրջակայքում լայնորեն տարածված բուսա-երկրաչափական ոճով, անարձանագիր է (նկ․ 4)։ Լուսավորությունը ստանում է հյուսիսային, արևելյան և հարավային կողմերից բացվող 6 փոքր լուսամուտներից։ Հյուսիսային պատի մեջ գտնվում է մկրտարանի քարե ավազանը (նկ․ 5)։ Արևմտյան պատը դրսի կողմից մեծամասամբ թաղված է հողի մեջ, որի վերին հատվածը և արևմտյան պատին հենված թաղի մի մասը քանդված է։ Եկեղեցու շուրջը գտնվում է գերեզմանոցը։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում, ռազմական գործողությունների և հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։
Տեղադրություն Հադրութի Խծաբերդ գյուղից 3,5 կմ հյուսիս արևելք, Հարոս լեռան հարավային լանջին՝ Եղցուն Ձոր հանդամասում է գտնվում Հարթագոմեր կոչվող գյուղատեղին։ Պատմական ակնարկ Գյուղատեղին բնակեցված է եղել մինչ 18-րդ դարի սկիզբը։ Բնակիչները 18-րդ դարի սկզբին տեղափոխվել են Շուշիի գավառ և հիմնել Քարինտակ գյուղը։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Եղցուն Ձորի եկեղեցին գտնվում է գյուղատեղիի կենտրոնում, կիսավեր վիճակում (նկ․ 1)։ 16-17-րդ դարի հուշարձան է, կառուցված տեղական կրաքարով և կրաշաղախով (նկ․ 2)։ Միանավ թաղակապ սրահ է (չափերը՝ 7,1×5,2 մետր)։ Պատերը պահպանվել են 4-5 մետր բարձրությամբ։ Թաղածածկը փլված է՝ բացառությամբ խորանի գմբեթարդից։ Խորանն ունի կիսաշրջանաձև հորինվածք։ Խորանում, արևելքից բացված կենտրոնական լուսամուտին զուգահեռ նույն ուղղությամբ, պատի մեջ ագուցված են փոքրիկ խաչքարեր, որոնցից յոթն ամբողջական վիճակում տեղում պահպանված են (նկ․ 3)։ Մուտքն արևմուտքից է, լուսավորությունը կատարվել է արևելքից և արևմուտքից բացված մեկական փոքրիկ լուսամուտներով (նկ․ 4, 5, 6):
Տեղադրություն Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (եկեղեցին խորհրդային տարիներին գտնվում էր Ղուբաթլուի շրջանում) Վանանդ գյուղի վարչական տարածքում՝ նրա կենտրոնում: Վերջինս միավորված էր Որոտան քաղաքային համայնքի մեջ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1250-1310 մետր բարձրության վրա և միջին դարերում կոչվել է Մազրա (Կարապետյան 1999, 187): Պատմական ակնարկ Մազրա գյուղի և նրա կենտրոնում գտնվող եկեղեցու մասին պատմական տեղեկություններ գրեթե չունենք: Գյուղը թերևս հայաթափվել է 18-րդ դարում, քանի որ եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1694 թվականին, բնականաբար գյուղը հայաբնակ էր: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին հատակագծում միանավ է, ունի թաղակապ հորինվածք, ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով (նկ. 1): Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 2): Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ բազալտե քարերով (նկ. 3): Եկեղեցու չափերն են 14,15X8,15 մետր: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, որի բարավորի արձանագրությունը միտումնավոր վնասված է և դժվարությամբ է ընթերցվում (նկ. 4): 8 տողանոց արձանագրությունը հայտնում է, որ այն կառուցել է խոջա Պետրոսը՝ հիշատակ իրեն «եւ իւր կողակիցն, որդոցն՝ Յովանէսին, ծնողացն՝ Մալիքսէթին, Մարուն, եղբա(ր)ցն Առ|աքէլին, Մարգարին… առ(ա)ջնոր|դն Յոհանէս եւ տ(էր)ն գեղ(իս)… մալիք Կալուստ, վերակացուն՝ տ(է)ր Սարգիսն…, թվին ՌՃԽԳ» (Կարապետյան 1999, 188): Խորհրդային տարիներին եկեղեցին ադրբեջանցիներն օգտագործել են որպես անասնակերի պահեստ: Եկեղեցու արևելյան ճակատի խաչաձև պատուհանը կրում է հրազենի հետքեր (նկ. 5) Եկեղեցու հարավային պատի մոտ ընկած է 16-17-րդ դարերի վնասված մի խաչքար (նկ. 6):
Տեղադրությունը Հին Նորաշեն եկեղեցին (նկ. 1) գտնվում է Նորաշեն գյուղից 1 կիլոմետր հարավ՝ Հին Նորաշենի տարածքում։ Պատմական ակնարկ Նորաշեն գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից հարավ-արևելք, 5 կիլոմետր հեռավորության վրա։ Գերազանցապես հայաբնակ գյուղում 1960-ական թվականներին հաստատվել են ադրբեջանցիներ, որոնց թվաքանակը աստիճանաբար ավելանալու արդյունքում, գյուղն վերջնականապես հայաթափվել է 1989 թվականին։ Հայակական բանակի կողմից ազատագրվել է 1993 թվականին։ 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է։ Արևելյան կողմում կիսակլոր խորանի կողքերին գտնվում են զույգ ավանդատները։ Ունի 16,4 մետր երկարություն, 2 մետր լայնություն, 5 մետր բարձրություն։ Ունի 4 փոքր, մեկ մեծ լուսամուտներ։ Մուտքը բացվում էր արևմուտքից, սակայն տեղանքի թեքության հետևանքով արևմտյան պատը հիմնական մասով ծածկվել է հողով, ինչն էլ թերևս պատճառ է դարձել հյուսիսային մասում նոր մուտք բացելուն (նկ. 2), իսկ հին մուտքից երևում է միայն բարավորը (նկ. 3), որի վրա պատկերված է խաչապատկեր և եկեղեցու կառուցման թվականը՝ 1892 (նկ. 4)։ Դրսի կողմից հարավային պատը նույնպես մեծամասամբ գտնվում է հողի մեջ (նկ. 5)։ Տանիքը արտաքուստ երկթեք է, ներսից՝ թաղածածկ։ Եկեղեցու ներսում պահպանվել են երկու անարձանագիր պարզ խաչքարեր։ Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել էր պահեստի, այնուհետև պանրի գործարանի, որի արդյունքում դահլիճում կառուցվել է լրացուցիչ շինություն, որի կիսատ պատերը նույնպես պահպանվել են (նկ. 6)։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղի հին թաղամասի կենտրոնում։ Պատմական ակնարկ Տումին Արցախի հինավուրց բնակավայրերից է։ Այն եղել է Արցախի հարավային շրջանների իշխանության կենտրոններից մեկը։ Գյուղում և հարակից տարածքներում առկա հարուստ պատմական հուշարձանները դրա վառ ապացույցն են։ Գյուղում կիսավեր վիճակում պահպանվել է 1000 թվականին կառուցված Կարմիր խաչ եկեղեցին, մատուռների ավերակներ, միջնադարյան գերեզմանոցը: Գյուղամիջյան սբ․ Հովհաննես եկեղեցին (նկ. 1) կառուցվել է 17-րդ դարում, իսկ 19-րդ դարում էական փոփոխություններ է կրել (արտաքին պատերի բարձրացում և տանիքի թիթեղապատում, շքամուտքի հարդարանքի հարստացում, որի առթիվ էլ խաչազարդ մի սալ է հագցվել եկեղեցու հարավային պատի մեջ և փորագրվել թվականը՝ 1868): 19-րդ դարի վերջերում եկեղեցին գործել է և ունեցել է երկու քահանա։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է։ Կառուցված է տեղական կոպտատաշ գորշ ավազաքարով, որձաքարով և կրաշաղախով (նկ․ 2)։ Սրբատաշ են մուտքի ճակատամասի, լուսամուտների, որմնասյուների, կամարների և արտաքին պատերի անկյունների քարերը։ Ծածկը թաղակապ է, թաղի զույգ կամարները հենվում են որմնասյուների վրա (նկ․ 3, 4)։ Մուտքը հարավից է։ Լուսավորությունը կատարվել է արևելքից, հարավից, և արևմուտքից բացված մեկական փոքրիկ լուսամուտներով։ Խորանը կիսաշրջանաձև հորինվածք ունի։ Արևելքից խորանին զուգահեռ ունի երկու ավանդատուն։ Ներսում, հյուսիսային պատի մեջ գտնվում մկրտության ավազանը։
Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Արևշատ (Դոլանլար) գյուղում։ Տեղակայված է Արևշատի հին թաղամասում, գյուղի արևելյան եզրին (նկ․ 1)։ 2020 թվականի պատերազմի հետևանքով Արևշատը ինչպես և Հադրութի ամբողջ շրջանը օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբում։ Այն ուղղանկյուն հատակագծով եռանավ շինություն է (նկ․ 2)։ Կառուցվել է տեղական կոպտատաշ քարերով, դեղնավուն կրաքարով և կրաշաղախով։ Ներսույթի պատերը սվաղվել են։ Սրբատաշ են միայն դռների և լուսամուտների արտաքին անկյունաքարերը։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է։ Խորանի գմբեթարդը եղել է թաղակապ, սակայն չի պահպանվել։ Խորանին զուգահեռ գտնվում են ավանդատները։ Առաստաղը եղել է գերանակապ, տանիքի ծանրությունն իրենց վրա են կրել փայտե սյուները։ Տանիքը եղել է երկթեք և կղմինդրածածկ, որը հետագայում փոխարինվել է մետաղական թիթեղով։ Ոչ ծածկը և ոչ էլ սյուները չեն պահպանվել։ Եկեղեցին ավերվել է արցախյան առաջին պատերազմի տարիներին, «Օղակ» գործողության արդյունքում գյուղի ադրբեջանական օկուպացիայի տարիներին (1991-1993 թթ․), որի ժամանակ հրկիզվել ու ավերվել է ոչ միայն եկեղեցին (նկ․ 3, 4), այլև ամբողջ գյուղը, գերեզմանոցը և տարածքի գրեթե բոլոր հուշարձանները։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է գյուղի ծայրամասում՝ ճանապարհի եզրին (նկ. 1)։ Պատմական ակնարկ Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Ըստ բարավորի վրայի արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1889 թվականին։ Արձանագրության մեջ ասվում է. «Մելիքջալու գեղջ բնա/կիչքս շինեցինք Սբ. Յարու/թեան եկեղեցիս 1889 թ.» (նկ. 2, 3)։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, միանավ թաղակապ բազիլիկ է։ Ծածկը, որ թիթեղապատ է եղել, չի պահպանվել (նկ. 4)։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Մատաղիս գյուղի կենտրոնում (նկ. 1)։ Պատմական ակնարկ Համաձայն հարավային մուտքի բարավորին փորագրված արձանագրության, եկեղեցու շինարարությունն ընթացել է 1892-98 թվականներին։ Արձանագրության մեջ ասվում է. «Շինեցաւ սուրբ Եղիշէի եկեղեցիս Մատաղիսա միաբան ժողովուրդականաց։ Սկսած է 1892 թ., ավարտված 1898 թ.» (նկ. 2)։ Մ. Բարխուդարյանցի 1894-95 թվականների այցելության ժամանակ եկեղեցին դեռ կիսակառույց էր և անկնունք (Բարխուտարեանց 1895, 231)։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական բաց դարչնագույն կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 15,07 մետր երկարություն և 8,16 մետր լայնություն (նկ. 3, 4)։ Ներսի կողմից ամբողջությամբ սվաղված է։ Կիսաշրջան բեմը բարձր է, ունի երկու ավանդատուն, թաղակապ է, տանիքը՝ հողածածկ (նկ. 5)։ Մուտքը հարավային կողմից է, արևելյան կողմից բացվում է երեք, հարավային կողմից երկու, իսկ արևմտյան կողմից՝ մեկ լուսամուտ։
Տեղադրություն Երիցուշենի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանում (Քարվաճառի շրջան)՝ Գորտագարակի լճից սկիզբ առնող Իրիցաջուր վտակի աջ կողմում, Իգաձոր գյուղատեղիից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք, ծովի մակերույթից 1550-1600 մետր բարձրության վրա (Կարապետյան 2019, 369): Պատմական ակնարկ Երիցուշեն գյուղի մասին միակ հիշատակությունը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի Ջամբռ աշխատության մեջ է և վերաբերում է 1763 թվականին (Ջամբռ 1873, 283): 18-րդ դարում այստեղ բնակություն են հաստատում թյուրքալեզու այրումները, որոնք գյուղը անվանում են Քեշիշքյանդ (Կարապետյան 1999, 42): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կիսավեր է, թերևս կառուցվել է 17-րդ դարում: Այն միանավ է, առնված երկթեք տանիքի տակ (նկ. 1): Կառույցի երկայնական պատերը հզորացված են որմնակամարաշարերով, որոնց վրա հանգչում են տանիքը պահող սրբատաշ թաղակիր զույգ կամարները: Եկեղեցին կառուցված է անմշակ փոքր ու խոշոր չափի քարերով, իսկ առավել պատասխանատու հատվածները՝ սրբատաշ (նկ. 2, 3): Խորանի երկու կողմերում առկա է մեկական ավանդատուն, որոնք սակայն չափերով տարբեր են: Եկեղեցու միակ մուտքը հարավային ճակատում է:
Տեղադրություն Եկեղեցին գտնվում է գյուղի մեջ՝ նախկին մշակույթի տնից հյուսիս-արևելք։ Պատմական ակնարկ Ըստ Մ. Բարխուդարյանցի, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, ավելի ստույգ՝ 1894 թվականին, տեղի բնակիչների ծախսերով (Բարխուտարեանց 1895, 226, նկ․ 1)։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Հուշարձանը եռանավ բազիլիկա է՝ կառուցված տեղական սրբատաշ և կոպտատաշ բաց դարչնագույն քարերով։ Ութ պատկից և չորս առանձին սյուներով կազմվող կամարները աղոթասրահը բաժանում են երեք նավերի (նկ․ 2): Սյուներն ու կամարներն իրականացված են սրբատաշ քարերով: Հյուսիսային պատի արևմտյան մասում ներկառուցված է մկրտության ավազանը: Հուշարձանի չափերն են՝ 21.75 մետր երկարություն և 13.1 մետր լայնություն: Թաղակապ է, ծածկը՝ թիթեղապատ։ Ի սկզբանե եկեղեցին ունեցել է երկու դուռ, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից (Բարխուտարեանց 1895, 226-227)։ Ավելի ուշ հարավային դուռը փակվել է։ Արևելքից եկեղեցին ունի երեք, արևմտյան կողմից՝ մեկ, հյուսիսից՝ երկու, հարավից երեք լուսամուտ: Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։ Մատենագրական քննություն Եկեղեցին համեմատաբար նոր է կառուցվել, ինչի պատճառով սկզբնաղբյուրները սակավ են։ Մեր նկարագրությունը հենվում է Մակար Բարխուտարյանցի փոխանցած տեղեկությունների և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։ Գրականություն Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Տեղադրություն Պատմական Սթունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Ղուշչի (Տանձուտ) գյուղից 2 կմ հարավ՝ Աղավնագետի աջ վտակ Սթունիսի ձախ ափին, նրա հարավ-արևելյան ձորալանջին: Սթունիսը առաջին անգամ հիշատակվում է Տաթևի վանքին հարկատու գյուղերի թվում, իսկ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատում քրդերը, որոնք գյուղը անվանում են Սադինլար (Կարապետյան 1999, 139): 1990-ական թվականներից ի վեր գյուղն անբնակ է: Եկեղեցին գտնվում է գյուղի բարձրադիր հատվածում՝ շրջապատված ավերակ տներով (նկ. 1): Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին եռանավ բազիլիկ է, գլանաձև թաղերով, որոնք առնված են երկթեք տանիքի տակ: Աղոթասրահն արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և դրան հարավից ու հյուսիսից կից մեկական ավանդատներով: Պատերը շարված են կոպտատաշ մեծ ու փոքր քարերով և կրաշաղախով: Պատերի մեջ թե’ դրսից և թե’ ներսից ագուցված են տարբեր դարաշրջանների տապանաքարերի, խաչքարերի ու քանդակազարդ քարերի բեկորներ: Իր հատակագծով և ծավալատարածական հորինվածքով նման է Միրիկի, Հակի, Հերիկի եկեղեցիներին և սրանց պես 17-րդ դարի կառույց է: Եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ գտնվող սյուներից մեկի վրա, առկա է հայերեն վնասված արձանագրություն: Եկեղեցին ներսից սվաղված է: Եկեղեցու միակ մուտքը գտնվում է հարավային կողմում (նկ. 2): Բարավորին չունի արձանագրություն: Արևմտյան, հարավային և արևելյան ճակատներում բացված են մեծ ուղղանկյուն լուսամուտներ (նկ. 3): Դա թերևս կատարվել է 19-րդ դարում կամ չի բացառվում նաև խորհրդային տարիներին, երբ եկեղեցին, ինչպես և մյուս գյուղերի հայկական եկեղեցիները, վերածվել է պահեստի:
Տեղադրությունը Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի հանրապետության Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի կենտրոնում, ծովի մակարդակից 866 մետր բարձրության վրա (նկ. 1): Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Եկեղեցու կամ նախկինում գոյություն ունեցած վանքի մասին պատմական տեղեկություններ շատ քիչ են պահպանվել: Գյուղը, որտեղ գտնվում է եկեղեցին, Սարգիս Ջալալյանցն անվանում է Ծակուռի, 19-րդ դարի կեսերին ունեցել է 22 տուն հայ բնակիչ և պատկանել է Հայկազ Միրզաբեկյանց տոհմին: Եկեղեցու կառուցումը ըստ Ջալալյանցի չի ավարտվել՝ մասնավորապես գմբեթը չի կառուցվել, քանի որ մահացել է այն կառուցող վարպետը: Ջալալյանցը եկեղեցու կառուցման ժամանակ կատարված դեպքերից, ծերունիների պատմածով, հետաքրքիր մի դրվագ է ներկայացնում. ճարտարապետը բարկանալով աշակերտի վրա ասում է՝ օձից խայթվես: Պատահում է, որ մի օր աշխատելիս աշակերտն օձի խայթոցից մահանում է և այդ տեսնելով ու զղջալով եկեղեցու վրա քանդակել է տալիս օձապատկեր՝ ի հիշատակ մշտնջենավորների և որպես խրատ ամեն ստահակ աշակերտների (Ջալալեանց 1858, 261-262): Այսօր էլ այդ օձաքանդակը պահպանվում է: Այն գտնվում է հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ: Վանքի մասին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը նշելով, որ «Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է: Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր» (Բարխուտարեանց 1895, 72, 73): Եկեղեցու դռան բարավորին պահպանվել է շինարարական արձանագրությունը, ըստ որի եկեղեցին կառուցվել է 1682 թվականին. «Ես Յակովբ վարդապետ, աշակերտ Եսաեա վարդապետին Կրճևանցոյ, ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի, յազգեն Թանկոց, առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայի մի քանի գյուղօրէից ղուզաինւոյ, ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր, այլ ուր և շրջեցա ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել զՅնդուսար արարի ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն, յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն իմոյ Դալվաթի և մօրն իմոյ Մարիամին, և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին ողորմութեան. աղաչեմ կենաց: Շինեցավ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին. ի թվին :ՌՃԼԱ: (1682)» (ԴՀՎ 5, 172-173): Սակայն եկեղեցու շրջակայքում պահպանված՝ 1196 թվականը կրող խաչքարը հիմք է տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է ավելի հին համալիրի տեղում (Մկրտչյան 1985, 116): Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ծաղկավանքի եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային տարբերակին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն է (15,24 x 12,10 մետր), իսկ ներսում համարյա քառակուսի (9,3 x 10,3 մետր): Զույգ մույթերը (սրանք կամարներով կապված են միմյանց, բեմապատի և հանդիպակաց պատերի որմնամույթերի հետ) աղոթասրահի ներքին տարածությունը բաժանում են միջին (4,3 մետր) և կողային (2,0 մետր) նավերի: Կողային նավերն արևելքում ավարտվում են գլխավոր խորանին կից ավանդատներով (նկ. 2): Բեմի երկու կողմերից տանիք բարձրացող աստիճաններ են կառուցված: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմում է՝ արևելք-արևմուտք առանցքի վրա: Դահլիճի գրեթե քառակուսի համաչափությունը պայմանավորված է հարավային և հյուսիսային պատերի լայն բացվածքի կամարախորշերով: Աղոթասրահի երկայնական պատերն ընդգծված են որմնամույթերի երկու կողմերից ձգված որմնակամարներով (նկ. 3): Ներսը սվաղված է, սյուները, կամարները, որմնախորշերը, բեմի ճակատի քարերը շարված են սրբատաշ կապտավուն երանգի քարերով, իսկ պատերը՝ կոպտատաշ քարերով (նկ. 4):
Տեղադրություն Պատմական Սթունիս գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Ղուշչի (Տանձուտ) գյուղից 2 կմ հարավ՝ Աղավնագետի աջ վտակ Սթունիսի ձախ ափին, նրա հարավ-արևելյան ձորալանջին: Սթունիսն առաջին անգամ հիշատակվում է Տաթևի վանքին հարկատու գյուղերի թվում, իսկ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատում քրդերը, որոնք գյուղը անվանում են Սադինլար (Աբրահամյան 1942, 42): Սթունիսի հին եկեղեցին գտնվում է գյուղից շուրջ 800 մետր հյուսիս՝ Սթունիս վտակին ձախից միախառնվող մեկ այլ վտակի ձախ ափին: Այն թերևս 9-10-րդ դարերի կառույց է (Կարապետյան 1999, 139): Եկեղեցու մասին պատմական տեղեկություններ չկան: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին միանավ, թաղածածկ շինություն է՝ պայտաձև խորանով, չունի ավանդատներ (նկ. 1): Այն ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից (նկ. 2): Կառուցված է անմշակ և կիսամշակ քարերով միաստիճան որմնախարսխի վրա, պատերի անկյունային հատվածները քանդված են (նկ. 3, 4): Եկեղեցու չափերն են 8,40X6,10 մետր: Եկեղեցու հարավային մուտքի բարավորը սրբատաշ, միակտոր քար է, սակայն զուրկ է որևէ արձանագրությունից, զարդամոտիվներից (Կարապետյան 1999, 139): Հարավային մուտքի բարավորից անմիջապես վերև՝ պատի ամբողջ երկայնքով, գտնվում են փոքրիկ ուղղանկյուն անցքեր, ինչը ենթադրելի դարձնում, որ ժամանակին այս պատին կից կառույց է եղել: Անցքերից վերև՝ պատի կենտրոնում գտնվում է եկեղեցու հարավային թևի միակ լուսամուտը: Շինությունը ևս մեկ լուսամուտ ունի արևմտյան պատին՝ պարզունակ պայտաձև կամարունքով (նկ. 5): Վիճակը պատերազմից առաջ և հետո Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: 2020 թվականի դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռ փաստագրված չեն:
Տեղադրություն Եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տանձատափ (Ղարաբաբա) գյուղի հյուսիսային կողմի մի բարձունքի վրա, Կովսականից (Զանգելան) 21 կմ հյուսիս, ՀՀ ներկա սահմանից 2 կմ հեռավորության վրա:
Տեղադրություն Եկեղեցին (նկ. 1, 2) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Սանասարից (Կուբաթլի) 15 կմ արևմուտք, Սեթանց գետակը սնուցող առվակներից մեկի ափին տեղադրված Ճապկուտ գյուղում: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Տեղադրությունը Գտնվում է Հադրութի շրջանի Ցոր գյուղից 2-2,5 կիլոմետր դեպի հարավ արևմուտք, ձորափի վրա բարձրացող բլրի վրա, Ցորաբերդի ստորոտում (նկ․ 1, 2)։ Գյուղը 1991 թվականի «Օղակ» օպերացիայի արդյունքում հայաթափվել է, ազատագրվել է 1993 թվականի ամռանը։ 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Տեղադրություն «Օխտը դռնի» վանքը գտնվում է Հադրութի Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք,Յուղուսեն լեռան լանջին, Գտիչ բերդի մոտ, պատմական Արցախի Սիսականի Ոստան կամ Մյուս Հաբանդ կոչվող գավառում (Երեմյան 1969, 70)։ Այժմ օկուպացված է Արդբեջանի կողմից։ Վանքը գտնվում է ծովի մակերևույթից 1451 բարձրության վրա, լեռան անտառապատ գագաթին, դժվարամատչելի տեղանքում (նկ. 1): Պատմական ակնարկ Պատմական աղբյուրները համալիրի և այսօր կիսավեր պահպանված եկեղեցու մասին տեղեկություններ չեն հաղորդում: Ավանդության համաձայն Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների քույրը, ում գերեզմանը վանքի բակում է, կոչվում է «Քրոջ գերեզման» և հայտնի ուխտատեղի էր (Մկրտչյան 1985, 90): Ճարտարապետական – հորինվածքային քննություն Վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և նրանից հյուսիս-արևմուտք գտնվող երեք կառույցներից՝ միանավ եկեղեցի և նրան կից ուղղանկյուն հատակագծով երկու սրահներ (նկ. 2)։ Տեղում պահպանվել են նաև երկու խաչքարեր։ Գլխավոր եկեղեցին կիսավեր վիճակում է: Միանավ սրահից պահպանվել են բեմի խորանը և հարավային պատը մուտքով, որն ունի վաղ քրիստոնեական հուշարձաններին բնորոշ լյունետ (Հասրաթյան 1992, 28): «Օխտը դռնի» վանքի գլխավոր եկեղեցին պատկանում է քառախորան՝ անկյունագծային խորշերով ճարտարապետական տիպի առանց ավանդատների ենթատիպին: Հատակագիծը կանոնավոր վարդյակի ձև ունի: Այն ամբողջանում է երկու մետր հավասար բացվածքով և մոտավորապես հավասար խորությամբ չորս պայտաձև խորաններով և իրենց բացվածքով դեպի դահլիճի կենտրոնն ուղղված 3/4 անկյունագծային խորշերով (նկ. 3)։ Այդ խորշերը, ինչպես այս խմբի մյուս վաղմիջնադարյան եկեղեցիներում է (Ավան-հռիփսիմեատիպ հուշարձաններ), չունեն ավանդատուն տանող միջանցքի նշանակություն և զուտ դեկորատիվ են։ Արտաքուստ խորանները շեշտված են կիսաշրջանաձև, իսկ անկյունային խորշերը՝ փոքր ինչ կորացված ծավալներով: Խորանների ու խորշերի միջև կիսաբոլորակ տեսքով որմնամույթերն են, որպիսիք չեն հանդիպում այդ տիպի մյուս հուշարձաններում (նկ. 4): Եկեղեցու մուտքը բացվում է արևմտյան խորանի կողմից։ Արևելյան խորանի մեջ առկա են երկու պատուհաններ։